Ինչպես խուսափել վահանաձև գեղձի և այլ էնդոկրին հիվանդություններից. կարևոր նշաններ և կանխարգելիչ միջոցառումներ

Ինչպես խուսափել վահանաձև գեղձի և այլ էնդոկրին հիվանդություններից. կարևոր նշաններ և կանխարգելիչ միջոցառումներ

Վերջին տարիներին էնդոկրին համակարգի հիվանդությունների թիվը զգալիորեն աճում է։ Սա վերաբերում է վահանաձև գեղձի հիվանդությանը, շաքարախտին և այլ լուրջ խանգարումների, քանի որ էնդոկրին գեղձերի կողմից արտադրվող հորմոնները կարգավորում են մնացած բոլոր օրգանների և համակարգերի գործունեությունը: Էնդոկրին հիվանդությունների դեպքում նյութափոխանակությունը խաթարվում է և առաջանում են ախտանիշներ, որոնք բնորոշ են, օրինակ, մաշկի հիվանդություններին, երիկամների հիվանդություններին և այլն:

Գրեթե բոլոր վահանաձև գեղձի հիվանդությունները սկսվում են աննկատ և երկար ժամանակ շարունակվում են առանց որևէ ակնհայտ կլինիկական դրսևորումների:

Պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին՝
- մկանների և հոդերի ցավ
- անհարմարություն պարանոցի շրջանում, հաստացում առաջային շրջանում, խպիպ
- մազերի կորուստ
- փորկապություն, լուծ, աղիքային գրգռվածություն
- անկանոն դաշտանային ցիկլ, պտղաբերության խնդիրներ
- վահանաձև գեղձի հիվանդության կամ աուտոիմուն հիվանդությունների ընտանեկան պատմություն
- դեպրեսիա և անհանգստություն
- քաշի անսպասելի փոփոխություններ (ավելացում կամ կորուստ)՝ առանց սննդակարգի և ֆիզիկական ակտիվության փոփոխության
- բարձր հոգնածություն և հյուծվածություն
- սրտի բաբախյունի և զարկերակի հաճախացում
- ձեռքերի դող, քրտնարտադրություն
- հաճախակի գլխապտույտ և թուլության նոպաներ
- ջերմության կամ, ընդհակառակը, սառնության զգացում։


Այս ախտանիշներից մեկի ի հայտ գալը կարող է չվկայել վահանաձև գեղձի հիվանդության մասին։ Բայց եթե նկատում եք վերը թվարկված մի քանի ցուցանիշներ, անպայման այցելեք էնդոկրինոլոգի։

Այս հիվանդությունները կանխելու համար միջոցներ ձեռնարկելու եղանակներ՝

1. Առողջ, հավասարակշռված սննդակարգը նպաստում է էնդոկրին համակարգի առողջ վիճակի պահպանմանը: Վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար, օրինակ, հատկապես կարևոր են յոդով հարուստ սննդամթերքները, ինչպիսիք են ծովային ձկները և ջրիմուռները։ Մարդու համար օրգանիզմի կարիքներին համապատասխան յոդի խորհուրդ տրվող քանակը պարունակվում է 4-5 գրամ յոդացված աղի մեջ։ Յոդացված աղը սովորական սեղանի աղ է՝ ավելացված կալիումի յոդիդով կամ յոդատով։
2. Անհրաժեշտ է նաև պահպանել նորմալ քաշը. ճարպակալումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ էնդոկրին համակարգի հետ կապված, այդ թվում՝ շաքարախտ և պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ:
3. Կանոնավոր վարժությունները կարևոր են. Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է առողջ քաշի պահպանմանը և կանխում է շաքարախտի զարգացումը:
4. Անհրաժեշտ է սովորել խուսափել սթրեսային իրավիճակներից. սթրեսը կարող է հանգեցնել էնդոկրին համակարգի խանգարումների, այդ թվում՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, ինչպես նաև հորմոնալ խանգարումների:
5. Էնդոկրին հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր դեր են խաղում պարբերական բժշկական զննումներն ու ստուգումները:

Առողջ ապրելակերպը, ռեժիմի պահպանումը, ճիշտ սնունդը, արևի տակ գտնվելը և էնդոկրինոլոգի մոտ պարբերաբար ստուգումները վահանաձև գեղձի առողջության 5 հիմնական բաղադրիչներն են։