Պետգույքին կփոխանցվի Mercedes GLE քրոսովեր, որը որպես ապօրինի գույք բռնագանձվել է մասնավոր անձից 

Պետգույքին կփոխանցվի Mercedes GLE քրոսովեր, որը որպես ապօրինի գույք բռնագանձվել է մասնավոր անձից 

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցրեից մեկով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ 15.900.000 ՀՀ դրամ արժողությամբ «Mercedes-Benz GLE 350» մակնիշի ավտոմեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության բալանսում այսպիսի մեքենա չկա ու չի եղել երբևէ, այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետական գնումների շրջանակներում Mercedes-Benz GLE մակնիշի մեքենա, որը լյուքս դասի թանկարժեք քրոսովեր է, երբևէ ձեռք չի բերել։ Այն, հավանաբար, մասնավոր անձից վերցված մեքենա է։ Եվ, մտնելով նախագծի հիմնավորումների մեջ՝ պարզեցինք, որ այս Mercedes-ը որպես ապօրինի գույք պետությանը վերադարձված մեքենա է։

Մասնավորապես, 2025 թվականի փետրվարի 18-ին թիվ 7 համաձայնագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Էդ․ Արսենյանի, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնակատար Տ․ Ենոքյանի, շահագրգիռ անձինք՝ Գևորգ Հակոբյանի, Սեյրան Հակոբյանի և Արմինե Վահանյանի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով Սեյրան Հակոբյանը և Արմինե Վահանյանը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «4JGDA5HB9HA938209» նույնականացման համարով «Mercedes-Benz GLE 350» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Դրանից հետո ՀՀ դատախազությունը խնդրել է քննարկել վերոնշյալ տրանսպորտային միջոցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու հարցը:

Վահե Մակարյան