Միքայել Արզումանյանին մի մեկուսարանից մյուսն են տեղափոխել․ մանրամասներ 

Միքայել Արզումանյանին մի մեկուսարանից մյուսն են տեղափոխել․ մանրամասներ 

Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող Արցախի ՊԲ նախկին հրամանատարին՝ ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Միքայել Արզումանյանի զինակից ընկերը։ 

«Ի՞նչ պետք է ակնկալենք, երեք տարի է որևէ բան դեռևս հայտնի չէ, վերջնական վճիռ չեն կայացնում, միայն ամեն դատական նիստից հետո 3 ամսով դատը հետաձգվում է։ Ես պարբերաբար խոսում եմ Միքայելի հարազատների և մեր մյուս ընկերների հետ։ Բոլորի մոտ սպասողական վիճակ է, հստակ բան չկա։ Սա կոնկրետ քաղաքական հետապնդում է, որ արվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ»,- ասաց նա:

Դռնփակ նիստով շարունակվում է վկաների հարցաքննությունը: 2022 թվականի օգոստոսի 30-ից առ այսօր դատաքննության ընթացքում 20 վկա է հարցաքննվել։ Սակայն, դատավարության ավարտի մասին որևէ խոսք այս պահին չկա։

«Ընդամենը տեղափոխություն է եղել։ Այլ հարց է, որ Վարդաշեն տեղափոխեին վերջնական դատավճռից հետո»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար է նշանակվել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։

Ձերբակալվել էր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Հունան Թադևոսյան