Ե՞րբ Լուկաշենկոն ՀՀ-ում նոր դեսպան կնշանակի

Ե՞րբ Լուկաշենկոն ՀՀ-ում նոր դեսպան կնշանակի

Ապրիլի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զբաղեցրած պաշտոնից ազատեց ՀՀ-ում իր երկրի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Վերջինիս ազատումը կապում են քաղաքական բարդ իրավիճակով, որ ձևավորվել է երկու երկրների միջև: Հիշեցնենք, 2024-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս ոչ ինքը, ոչ Հայաստանի այլ պաշտոնյա Բելառուս չի այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման կոշտ դիրքորոշմանը նախորդել էր Բելառուսի նախագահի կողմից Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան որպես «ազատագրական պայքար» որակելը: Դրան հաջորդեց Երևանի և Մինսկի կողմից իրենց դեսպանների կանչը «խորհրդակցությունների», բայց Կոնյուկը բավականին շուտ վերադարձավ Հայաստան:

Եվ ահա, այդ կոշտ հայտարարությունից շուրջ մեկ տարի անց Կոնյուկն ազատվեց զբազեցրած պաշտոնից: MediaHub-ը տեղեկացավ, որ Բելառուսը դեռ մեր երկրում դեսպան չի նշանակել: Դիվանագիտական շրջանակներից MediaHub-ին հայտնեցին, որ քաղաքական որոշում է դրա համար հարկավոր, իսկ հաշվի առնելով Փաշինյան-Լուկաշենկո «լարված» հարաբերությունները, այն դեռ չի կայացվել: Ասացին՝ աշնանից շուտ դժվար նոր դեսպան նշանակվի:

Ի դեպ, նշենք, որ թեև մեկ ամիս է անցել պաշտոնի ազատումից, սակայն Կոնյուկը շարունակում է մնալ Հայաստանում, հանդիպումներ ունենալ, օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, մասնակցել քննարկումների և տոնական միջոցառումներ կազմակերպել:

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ըստ արարողակարգի, մշտապես իրար կողքի էին, այդ թվում և Կարմիր հրապարակում զորահանդեսին էին հետևում կողք կողքի նստած: Լրագրողները ֆիքսեցին, որ նրանք մի քանի բառ են փոխանակել: