ԿԳՄՍ նախարարի հերթական ձախողումը, Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. Մամուլը՝ սուրճով

ԿԳՄՍ նախարարի հերթական ձախողումը, Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, ում թեթև ձեռքով Կապանում ևս ՔՊ-ն պարտություն տարավ։

«Ժողովուրդ» օրաթերթը Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներից պարզեց, որ անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։

Ըստ Հանձնաժողովի՝ Կապան համայնքի ղեկավարը, համայնքի կարիքների համար մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելով, իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրա վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։

Բանն այն է, որ նախորդ տարեվերջին ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք էր հայտնել, թե Փարսյանի ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավելի տոկոսը շահում են նրա ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներից հետո Փարսյանը պաշտոնապես պարզաբանում էր ներկայացրել՝ ասելով․ «Հաշվի առնելով, որ նման անհիմն հայտարարությունները, հատկապես բարձր ամբիոնից հնչեցված, արդեն դարձել են կրկնվող երևույթ, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել, քանի որ իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է ակնհայտ փաստերի վրա։

Այսպիսով, 2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը։

Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը մեր տարածաշրջանի շինարարության բնագավառում մասնագիտացված ամենամեծ կազմակերպությունն է և 2010 թվականից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է»։

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո, ինչպես տեսնում ենք, մանրամասն քննվել են Գևորգ Փարսյանի հետ փոխկապակցված անձանց ընկերությունները և համայնքի գնումները, ինչի արդյունքում անկուսակցական համայնքապետը տուգանվեց»։

 

«Հրապարակը» գրում է․ 

Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր: Արդեն 2 տարի է՝ ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի Ագրարայինի «փրկության» ծրագիր՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ նշանակել: Այս տարի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 98 դիմորդ, եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 20-30 ուսանող: Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը: Նշել էինք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, և թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Պատասխանում նշել էին, թե դա հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք:

Հարցն ուղղել էինք այն պատճառով, որ տեղեկություններ էինք ստացել, թե միայն հոնորարը կազմում է մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, և ցանկացել էինք հրապարակել պաշտոնական պատասխանը: Մյուս կողմից՝ ԿԳՄՍՆ-ից նշել էին, թե համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում: Ընդ որում, կառավարության համապատասխան որոշումը դեռ չկա:

Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ գումարի հատկացման որոշում չկա, բայց կա գումար ծախսելու պայմանավորվածություն, մյուս կողմից՝ չնայած համերգը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ «հերոս հարկատուների» միջոցներից, սակայն տոմսերի գներն աստղաբաշխական են՝ տատանվում են 15000ից մինչև 150000 դրամի սահմաններում: Դա էլ նշանակում է, որ դա համերգ է «ընտրյալների» համար, իսկ երաժշտասեր հանրության ներկայությունը խիստ սահմանափակ է: