Փաշինյանը «կիսատ-պռատ» կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Փաշինյանը «կիսատ-պռատ» կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով։

Սակայն, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հոկտեմբերի 23-ին դեռ Հայաստանում է լինելու, ավելին, մասնակցելու է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին։

Նշենք, որ մեր տեղեկությունը հաստատեցին նաև Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից։

Բայց թե կոնկրետ երբ Փաշինյանը կմեկնի Կազան, դեռևս հայտնի չէ․ աշխատակազմից ասացին՝ ավելի ուշ այդ մասին հաղորդագրություն կտարածվի։

Հավելենք, որ օրեր առաջ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին Պուտինի` մասնակցելու անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը:

Նարե Գնունի