Ընդդիմադիր խաղեր՝ ընտրություններից առաջ․ «Հրապարակ»

Ընդդիմադիր խաղեր՝ ընտրություններից առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․  Ներքաղաքական նախընտրական խմորումների փուլ է մտել մեր երկիրը։ Մինչ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը սկսել են նախընտրական քարոզարշավը, եւ խորհրդարանական վերջին քննարկումներն էլ այս համատեքստում է պետք դիտարկել, հատկապես ՔՊ-ականների սրտաճմլիկ  եւ հոխորտալից ելույթները՝ ուժային կառույցների ղեկավարների տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, դրանցում կարմիր թելի պես ձգվում է այն միտքը, որ իշխանականները դժգոհ են երկրում իրականացվող արդարադատությունից, իրավապահների գործունեությունից, որոնց հետեւանքով նախկին թալանչիները հեղափոխությունից յոթ տարի անց էլ ազատություն են վայելում, եւ դատավճիռներ չկան։ Իրականում հասկանալի է, որ եթե լինեին իրավական հիմքեր, ապացույցներ, ապա Նիկոլ Փաշինյանը եւ նրան ենթակա դատավոր-դատախազները ժամ առաջ բոլորին լցնելու էին բանտերը, ահռելի պատժաչափեր տային ու հպարտանային, որ արդարադատությունը հաղթում է երկրում։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ նորահայտ, հեղափոխական թալանչիների մասին է խոսում, որոնք տվել անցել են նախկին թալանչիներին։ 

Իսկ ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դաշտում։ Տեղեկություններ կան, որ ընդդիմադիր հատվածում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն է ակտիվացել։ Ըստ լուրերի, առաջին նախագահի թիմում մեծ ցանկություն կա՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համագործակցության ֆորմատ գտնելու։ Թեպետ երկուստեք համառորեն հերքում են այդ լուրերը։ Հերքման պատճառն այն է, որ ֆորմատի շուրջ ընդամենը քննարկումների փուլ է ընթանում, եւ քանի դեռ չկա պայմանավորվածություն, մտածում են, որ պետք է հերքել եւ արտահոսքի դեմն առնել։

Որոշ աղբյուրների փոխանցմամբ էլ՝ առաջին եւ երրորդ նախագահների միջեւ են քննարկումներ ընթանում, քանի որ Արման Թաթոյանը սերտ շփումներ ունի ՀՀԿ-ականների հետ։ Այս դաշինքում ոմանք պատկերացնում են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն նրա մերձավոր շրջապատից մեզ ասացին, որ կարգին Հայկոն առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու մտադրություն ունի։ Առայժմ անհայտ է ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի եւ նրա կուսակցության ճակատագիրը, որի մահվան մասին լուրերը ոմանք վաղաժամ են համարում։
Գործող իշխանությունը հատկապես կարեւորում է, որ հաջորդ ընտրություններին այնքան շատ մրցունակ սատելիտներ պատրաստի ու խաղի մեջ ներգրավի, որ կարողանա կրկին իշխանություն վերցնել երկրում, եւ այդ համատեքստում դիտարկվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործոնը, որը կարող է գեներացնել արցախցիների քվեն, սակայն հարցումներն այնքան էլ հուսադրող չեն, ուստի Փաշինյանը հույսն ի վերջո դնելու է, այսպես կոչված, եվրոպամետների վրա։ Այս դաշտում էլ ամեն ինչ միանշանակ չէ՝ Փաշինյանը հասկացել է, որ արամսարգսյանները, խզմալյաններն ու հովսեփխուրշուդյաններն այլեւս սպառել են իրենց, ուստի նոր պրոյեկտներ են հարկավոր։ Այս առումով բարձր են համարվում երիտասարդ քաղաքագետ, վերջերս կուսակցություն հիմնած Գուրգեն Սիմոնյանի եւ քաղաքագետ Կարեն Սարգսյանի շանսերը, որոնք իրենց շուրջ կարող են հավաքել վերջին տարիներին իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստներին՝ երիտկարիերիստ քաղաքագետներին, վերլուծաբաններին, որոնք մի հարթակից մյուսն են շտապում։ Գուրգեն Սիմոնյանը, հիշեցնենք, մոտ 1 տարի առաջ հիմնադրված Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահն է։ Ինքը՝ Սիմոնյանը, իշխանական քարոզչամիջոցների սիրելի հյուրն է, այդ թվում՝ Հ1-ի։ 

Բնականաբար, ռուսամետ ուժերից էլ մի մրցունակ միավոր կմասնակցի ընտրություններին։ Չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կակտիվանա՝ գուցե ոչ «Բարգավաճ Հայաստանը», այլ՝ նոր միավոր։ Ծառուկյանի ասած «կլասիկ» քաղաքական գործչի՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» էլ է տարբեր կոնսուլտացիաների մեջ, բայց առայժմ չի նշմարվում, թե որ դաշինքի կազմում կարող է տեղ գտնել, իսկ ինքնուրույն՝ դժվար թե մասնակցեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 14․ 05․ 25 թ համարում