Խմած վարորդների տոները հարամվել են. քանի՞ ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել այս օրերին

Խմած վարորդների տոները հարամվել են. քանի՞ ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել այս օրերին

Ամանորյա օրերին, ցավոք, հանրապետությունում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից շատերի դեպքում պարեկներն արձանագրել են ոչ սթափ վիճակում մեքենան վարող վարորդների: 

4 օր առաջ MediaHub-ը գրել էր, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 259 վարորդ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 40 վարորդ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։  

Ի՞նչ իրավիճակ է տոներից հետո, քանի՞ վարորդ են պարեկներն այս օրերին հայտնաբերել ոչ սթափ վիճակում. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին:

«Հունվարի 1-7-ը 378 վարորդ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Պարեկները բացահայտել են 23 հանցագործություն, հայտնաբերել են ոչ սթափ վիճակում գտնվող 476 վարորդի»,– նշեց Սարգսյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 տրանսպորտային միջոց։ Նույն ժամանակահատվածում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 18 դեպք, 1 անձ էլ ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար։ Բացի այս, դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում արձանագրվել է  եղանակային տարբեր գործոններով պայմանավորված տրանսպորտային միջոցների արգելափակման 16  դեպք, բոլոր՝ 16 տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ: Արգելափակման դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերում:

Մարիաննա Արամյան