Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է, այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը:
Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:
«Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը:
Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել:
«Մենք կարող ենք ասել, որ նախագահ Ալիևի օրոք Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը ոչնչացվում է, համակարգված ձևով ավերվում է. ոչնչացվում են եկեղեցիները, պատմական շինությունները, հուշարձանները, հրապարակները: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ: Եվրախորհրդարանը միաձայն է՝ ըստ էության, բոլորս էլ համաձայնել ենք և մենք հստակորեն ասում ենք, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի բռնությունը և մենք նաև դատապարտում ենք Բաքվի կառավարության հայատյացությունը», - ընդգծեց Պետեր վան Դալենը՝ նաև կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակի լրջությունը ստուգելու համար:
«Պարոն նախագահող, մենք աղոթում ենք փոփոխությունների համար, մենք աղոթում ենք ազնվության, արդարության համար և մենք պայքարում ենք այն ռեժիմների դեմ, որոնք կործանում են մարդկանց կյանքը», - հավելեց վան Դալենը:
Այս շաբաթ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը:
Բանաձևի նախագծում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք են Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը: Նաև ընդգծվում է, որ Հեյդար Ալիևի և ավելի ուշ նրա որդու՝ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը ոչնչացրել է մինչև 100 հայկական եկեղեցի, հազարավոր խաչքարեր, տասնյակ հազարավոր տապանաքարեր և մշակութային ժառանգության այլ օբյեկտներ Նախիջևանում: Ըստ բանաձևի՝ դա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: