Պայթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու ավտոմեքենայի սեփականատիրոջ և հանգուցյալների հարազատների, ովքեր խնամում են գերեզմանաքարերը, ինքնությունները։