ԱԺ աշխատակազմը թաքցնո՞ւմ է իր գնումները, որ 960 հազար դրամով երկու հատ գրիչ է ձեռք բերել

Բաց ու թափանցիկ աշխատաոճից թմբկահարող ԱԺ աշխատակազմը հրաժարվում է պատասխանել կամ սպառիչ պատասխաններ տրամադրել մեր ուղարկած հարցումներին։ Դրա փոխարեն ԱԺ աշխատակազմի «փայլուն ուղեղները», որոնք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի էությունը լավ չեն գիտակցում և իրավաբանության հետ էլ, հավանաբար, այնքան կապ ունեն, որքան այս իշխանությունները՝ ժողովրդավարության ու հայրենասիրության, մեզ ինչ-որ օրենքներից հղումներ են ուղարկում՝ մեր հարցերին հստակ պատասխանելու փոխարեն։
Մասնավորապես, MediaHub-ը տեղեկություն էր ստացել, որ ԱԺ աշխատակազմը, որի կատարած տարօրինակ և ուռճացված ծախսերով գնումներին մամուլը հաճախակի է անդրադառնում, վերջերս երկու հատ Montegrappa (Մոնտեգրապա) բրենդի գրիչ է գնել՝ յուրաքանչյուրի արժեքը 480 հազար դրամ։ Այսինքն՝ 960 հազար դրամ է վճարել և երկու հատ գրիչ գնել բյուջեի միջոցների հաշվին։
Թե ինչու, ինչ նպատակով՝ հայտնի չէ։ Ու որպեսզի պարզենք դա, մենք հարցում էինք ուղարկել ԱԺ աշխատակազմ՝ նախ ճշտելով, թե արդյոք ԱԺ աշխատակազմը ձեռք բերե՞լ է Montegrappa (Մոնտեգրապա) բրենդի գրիչ։ Եվ եթե այո, ապա ի՞նչ արժեքով, քանի՞ հատ, ե՞րբ, ո՞ր ընկերությունից, ի՞նչ ընթացակարգով, ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով:
Մի քանի օր անց ԱԺ աշխատակազմից աբսուրդի հասնող պատասխան են ուղարկել մեզ՝ հիշեցնելով ընդամենը «Գնումների մասին» օրենքը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ձեռքբերումների հետ կապված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն են հանդիսանում «Գնումների մասին» օրենքով սահմանված գնման գործընթացներով իրականացված գնումները»։
Ու վերջ։ Այսքանն են պատասխանել մեր ուղարկած հստակ հարցմանը՝ ուղարկելով այս անհեթեթ, հիմարության ու աբսուրդի սահմանները գերազանցող գրությունը։ ԱԺ աշխատակազմում նստած ու մեր հաշվին աշխատավարձ ստացող ինչ-որ անձինք, հավանաբար, կարծում են, թե իրենց գլխի պարունակությամբ կարող են մեզ հիմարի տեղ դնել՝ այսպիսի պատասխաններ ուղարկելով։ Սա նշանակում է, որ ԱԺ աշխատակազմն առնվազն թաքցնում է իր կատարած գնումները կամ չի ուզում, որ այդ մասին հանրությունն իմանա, որ 480 հազար դրամով գրիչ են գնել՝ հայտնի չէ, թե ում համար։ Մենք այս հարցման և իրենց ուղարկած «սպառիչ» պատասխանի հետքերով դեռ կգնանք։
Վահե Մակարյան