Քանի պաշտոնյա է անցնում Էկոնոմիկայի նախարարության գործով․ մանրամասներ

Քանի պաշտոնյա է անցնում Էկոնոմիկայի նախարարության գործով․ մանրամասներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների գործով MediaHub-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ: 

Հիշեցնենք, ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց. «Դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի»:

ՔԿ-ի մամուլի քարտուղարը նշեց, որ ուշադրություն պետք է դարձնել, որ դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթը։ «Այսինքն, ինչ մենք ուզել ենք դատարանից՝ կալանք կլինի, թե տնային կալանք, այդ 4-ի մասով ամբողջությամբ բավարարվել է։ Իսկ այն 2-ի մասով՝ մի դեպքում 2 ամիս էինք ուզել, 1 ամիս ժամկետով  կալանք է տվել, մյուս դեպքում մենք միջնորդել էինք, որ կալանք կիրառվի, բայց դատարանը կիրառել է տնային կալանք»,- ասաց Աբրահամյանը։

Քիչ առաջ գրել էին, որ դատարանը էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառեց երկու ամիս տնային կալանք: Վերջինս երկու օր առաջ էր ձերբակալվել, դրանից մի քանի ժամ առաջ ազատվել էր փոխնախարարի պաշտոնից: 

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: 

Երեկ դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին: Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել էր նաև «Սիներջի» ընկերության գլխավոր տնօրեն ու հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը: Վերջինս, հիշեցնենք, «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Մարիաննա Արամյան