Նոր Նորքի հեռացող ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը վերջին հանդիպումն է ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր աշխատանքային վերջին հանդիպումն է ունեցել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների, Նոր Նորքի ուսումնական, մարզական և մշակութային հաստատությունների տնօրենների հետ, հայտնել է վարչական շրջանի աշխատակազմը
«Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ մեկնարկած բոլոր ծրագրերը արդյունավետ ավարտին կհասցվեն՝ ի շահ Նոր Նորք վարչական շրջանի զարգացման և առաջընթացի»:
«Դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- հայտնել էր այսօր առավոտյան «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա և իր կողմնակիցներն օրեր առաջ հարձակվել և խմբակային ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։