Տատս կասեր. «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

Տատս կասեր. «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

Աննա Հակոբյանը որոշելով իրենց հանդեպ քննադատություններին, հաճախ նաև վիրավորանքներին պատասխանել վիրավորանքներով՝ ի ցույց դրեց իրենց ընտանիքում տիրող բարքերն ու բառապաշարը։ Իհարկե, քաղաքական խոսքում վիրավորանքն ընդունելի մոտեցում չէ, հատկապես, երբ վիրավորանքների առատության պարագայում քաղաքական ասելիքը երկրորդվում է։

Բոլորը կենտրոնանում են վիրավորանքների վրա՝ անտեսելով ասելիքի բովանդակությունը։ Սակայն, այս զույգը մոռացել է մի պարզ ճշմարտություն, որ ի տարբերություն մյուսների, դժբախտաբար նրանք են այսօր ղեկավարում Հայաստանը, հետևաբար գոնե ի շահ իրենց, պետք է փորձեին տարբերվել ընդհանուր մթնոլորտից։

Այդպես կվարվեին իմաստուն կառավարողները, բայց ոչ նրանք, որոնք իշխանության են հասել հանգամանքների բերումով ու այդպես էլ չեն գիտակցել իրենց դիրքի կարևորությունը։ 
Այնուամենայնիվ, փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը քննադատի, ոչ ոք նրա վարկանիշն այնպես չի խորտակում, որքան Աննա Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանի ամենասարսափազդու ու զորեղ ընդդիմադիրը Աննա Հակոբյանն է։ Այս տիկնոջ խոսքից պարզ դարձավ, որ համբալ բառը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից պահի տակ զայրույթի պոռթկում էր, այլ իրենց ընտանիքում ամենօրյա խոսելաձև, որն էլ նա, սովորույթի համաձայն, օգտագործեց Ազգային ժողովում։

Արդեն բոլորս իմացանք, որ այս զույգը տանն իրենց ընդդիմացող մարդկանց անվանում է համբալներ, տխմարներ, ոջիլներ, ղզիկներ ու անգրագետներ…ապագայում Աննա Հակոբյանի էջից կիմանանք նոր բառերի մասին ևս։

Սա երբևէ չտեսնված բան է, երբ պետության ղեկավարի «կինը» հրապարակավ հայտարարի, որ բոլոր նրանք, որոնք քննադատում են իրենց, ոջիլներ են։ Սակայն ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի, կամ տատուս ասած. «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»։ Աննա Հակոբյանի «համբերության բաժակի» վերջին կաթիլի շնորհիվ մենք իմացանք ինչպիսի վերաբերմունք ունի մարդկանց նկատմամբ սույն զույգը։ 

Կա մի կարևոր հանգամանք ևս։ Սովորաբար մարդիկ օգտագործում են այն առարկաների, կենդանիների անունները, որոնց հաճախ են տեսնում, խոսում են այնպիսի երևույթներից, որոնց հաճախ են ականատես լինում, իսկ ինչը հազվադեպ է հանդիպում, այն աստիճանաբար դուրս է գալիս շրջանառությունից։ Օրինակ՝ ոչ ոք վիրավորելու համար որևէ մեկին չի անվանի, օրինակ, պտերոդապտիլ կամ իխտիոզավր, որովհետև այդ կենդանիներին նա չի հանդիպում։

Շատ վաղուց է, ինչ մանկապարտեզներից, դպրոցներից, բանակից ու առհասարակ մեր կենցաղից ոջիլը գրեթե վերացել է ու մարդիկ այլևս ոջիլի մասին չեն խոսում, քանի որ մոռանում են այդ միջատի մասին։ Եթե Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը տանը հաճախ են մարդկանց անվանում ոջիլ, ապա ենթադրաբար նրանք նույն տանը հաճախ են հանդիպում ոջիլի։ Այնպես որ մարդկանց «կրթելուց» առաջ լավ կլիներ հետևել սանիտարահիգիենիկ վիճակին։

Կարեն Կարապետյան