Մայրերի շրջանում լուրեր են տարածել՝ խնջույքին չմասնակցելու դեպքում՝ ստացած գումարները կվերադարձվեն․ Գեղամ Նազարյան

Մայրերի շրջանում լուրեր են տարածել՝ խնջույքին չմասնակցելու դեպքում՝ ստացած գումարները կվերադարձվեն․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։

«Վերջին օրերին հերոսների մայրերը զանգեր են ստանում  համապատասխան հաստատություններից՝ մարզպետարան, քաղաքապետարան, թաղապետարան և հրավիրվում են մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք ինչ-որ խնջույքի, չեմ ասի՝ ում կողմից է հրավերը, բոլորդ էլ լավ գիտեն՝ ովքեր են այդ հրավերի հեղինակները, բայց այդ ամեն զանգը, հրավերը ցնցումների մեջ է գցում հերոսների մայրերին։ Սիրելի՛ մայրեր, դուք եք որոշում գնալ, թե ոչ, բայց մի խնդրանք ունեմ՝ անկախ նրանից, կգտնվեն մայրեր, ովքեր կգնան այդ խնջույքին, թե ոչ,  դուք իրար նկատմամբ եղեք հաշտ և զերծ մնացեք իրար վիրավորելուց։ Այս ամեն ինչի հիմնական նպատակը մայրերին բաժանելն է»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ որոշ մայրեր վախից դրդված են որոշել ընդունել այդ հրավերը։

«Տարբեր տեսակի «ակտիվիստուհիներ» մայրերի շրջանում աշխատանք են տանում և լուրեր են տարածում, որ եթե դուք չընդունեք հրավերը, ապա այն փոխհատուցումը, որ ստացել եք ձեր որդու զոհվելուց հետո, կվերադարձվեն։ Տպավորություն են ստեղծում, որ մարդիկ կարծեն՝ փոխահատուցան որոշումը կայացվել է ինչ-որ անհատի կողմից։ Ուզում եմ շեշտել, որ հիմնադրամը ստեղծվել է 2017թ-ին և այդ գումարները հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից՝ կամավոր»։

Նազարյանը հորդրորեց մայրերին առանց հուզվելու և նյարդայնանալու հրավերը ուղարկողներին հայտնել իրենց որոշման պատճառների մասին։