Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի

Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը կսկսվեն 0-ից․ ի՞նչ է հայտնի

2022 թվականի նոյեմբերի 9-ին դաժան սպանություն տեղի ունեցավ, որը ցնցեց ամբողջ Հայաստանը. հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…

Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։

Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի: «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրը...»,- ասել է նա։

Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արված արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:  

Պեմզաշենի դաժան սպանության դատական նիստը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, մայիսի սկզբին կալանավորվեց։ 

Արդյո՞ք Պեմզաշենի դաժան սպանության դատական գործը պետք է 0-ից սկսվի, ի՞նչ է հայտնի, ո՞վ է լինելու նոր դատավորը․ MediaHub-ը զրուցեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ։

«Արդեն նշանակվել է նոր դատավորը, գործը 0-ից է սկսվելու, դատավորը նշանակվել է Ռոման Սմբատյանը։ Ավելին ասեմ, երկու դատական նիստ արդեն նշանակված է եղել, սակայն, տեղի չի ունեցել։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու մայիսի 27-ին»,- նշեց Գալիկյանը։

Հարցին, թե եթե գործը նորից է սկսվելու արդյո՞ք քրեական գործի վաղեմության ժամկետը չի խանգարի, փաստաբանը նշեց, որ ծանր հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը 15-20 տարի է։

«Մենք արդեն ավարտին էինք հասել, ընդամենը 1-2 վկա էր մնացել, որ պետք է հարցաքննվեին, ու ավարտում էինք գործը, բայց այժմ բոլոր փուլերը նորից պետք է լինեն»,– նշեց փաստաբանը։

Մարիաննա Արամյան