Ասում էի՝ ի՞նչ եք անում, սպանո՞ւմ եք ինձ, դրանից հետո անշարժացա․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է

Բժիշկներն ասում են՝ նորմալ է, գլխիս շրջանում կար են դրել, վնասվածքներ կային։ Հարվածների, սալջարդերի տեղեր կան, բայց այնպես չէ, որ ստացիոնար բուժման կարիք կա։ Այս մասին այսօր Էրեբունի ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Պատմելով դեպքի մանրամասները՝ Ղազարյանը նշեց, որ ծեծի ենթարկած երիտասարդները նրան սպասում էին շենքի բակում։

«Առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն։ Ակնհայտ հետևել են ինձ, սպասում էին։ Հետ վերադառնալիս՝ մտածելով, որ նույն շենքի բնակիչ են կամ այցելու, բարևել եմ, անցել ու միանգամից հարձակվեցին։ Առանց շատ խոսելու՝ միայն հայհոյանքներով, սկսեցին տարբեր տեղերից հարվածել․ ես նույնիսկ չհասցրի դիմադրել, գցեցին գետնին, շարունակեցին հիմնականում գլխիս շրջանում հարվածել։ Նույնիսկ մտածում եմ, որ իրենց մտադրությունը սպանելն էր։

Ասում էի՝ ի՞նչ եք անում, սպանո՞ւմ եք ինձ, դրանից հետո անշարժացա: Երբ գնացին, ես կանգնեցի՝ շփոթված, պատահաբար մի անծանոթ մեքենա եկավ, վարորդը ճանաչեց ինձ, ասաց՝ պարոն Ղազարյան, ես Ձեզ ճանաչում եմ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց: Ասում եմ՝ ի՞նչ է եղել , փաստորեն արնահոսում էի»,-պատմեց նա։

Ղազարյանը նշեց, որ երիտասարդները որևէ պահանջ ու խոսք չեն հնչեցրել։ Նրա խոսքով՝ ոչ ոքի հետ անձնական խնդիրներ չունի և ըստ նրա՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված։

Մանրամասները՝ տեսանյութում