Բաքուն ավելի ազատ կգործի․ Ալիևը նույն ԵԽԽՎ ամբիոնից 3 անգամ ասել է, որ թքած ունի միջազգային կառույցների վրա․ Զոհրաբյան

Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից: Նախօրեին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Արդյո՞ք այս հանգամանքը ինչ-որ ձև կազդի Ադրբեջանի հետագա քայլերի վրա և ինչ է այն նշանակում Հայաստանի համար. այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։
«Ես ԵԽԽՎ-ի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու շուրջ այս իշխանական օրգազմը չեմ կիսում։ Նախ մինչև ԵԽԽՎ-ի քվեարկությունը, ադրբեջանական պատվիրակությունն արդեն հայտարարությամբ հանդես էր եկել, որ իրենք լքում են ԵԽԽՎ-ն, այն պատճառով, որ կառույցը երկակի ստանդարտներ է կիրառում և իրենց՝ ադրբեջանական իդիոտիզմն էր շարադրված այդ հայտարարության մեջ»,- նշեց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ երբ կարդում ես ԵԽԽՎ-ի հիմնավորման տեքստը, այն հիշեցնում է` «քշի Թուրքիա, նոր եմ իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել» պատմությունը: Տեքստում գրված է, որ անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը, որի արդյունքում Արցախում բնակվող հայերը զրկված էին սնունդից, դա հումանիտար ճգնաժամ էր և այլն: «Ուզում ես ասես՝ «իյա, լո՞ւրջ»։ Երբ այսօր Արցախում մնացել է 26 հայ, այն էլ Բաքվի թանգարանի համար, ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնում է Լաչինի միջանցքի շրջափակման համար»,- մատնացույց է անում նախկին պատգամավորը։
Ըստ Զոհրաբյանի՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ԵԽԽՎ-ին պաշտոնական հրավեր չի ուղղարկել և այդ կոնտեքստում Եվրոպայի խորհուրդը հիշել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։
«Մարդու իրավունքներով զբաղվող վեհաժողովները, որտեղ բազիսը պետք է լինի մարդու իրավունքը, ցավոք սրտի, այդ բոլոր կառույցները վերածվել են քաղաքական գործիքների։ Այս պատմությունը ոչինչ չի տա, Ալիևը նույն ԵԽԽՎ-ի ամբիոնից երեք անգամ հայտարարել է, որ թքած ունի միջազգային կառույցների վրա»,- շեշտեց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մտածել, թե պատվիրակությանը մեկ տարով ձայնի իրավունքից զրկելով Ադրբեջանը զսպելու է իր ռազմատենչ ռետորաբանությունը, իր քաղաքականությունը, որը բացահայտ ուղղված է արդեն ՀՀ սուվերեն տարածքները զավթելուն, ուղղակի մանկական հիմարություն է։
«Ադրբեջանը հիմա ավելի ազատ է գործելու և ինչքան շատ Ադրբեջանին հեռացնեն միջազգային կառույցներից, ինչքան շատ ինքը որևէ պարտավորություն չունենա միջազգային կառույցի հանդեպ, այնքան դա ձեռնտու է Ադրբեջանին՝ իր հակահայ օրակարգը մինչև վերջ իրականացնելու համար։ Ես պիտի սառը ջուր լցնեմ իշխանական օրգազմի վրա, Ադրբեջանի ձեռքերը շատ ավելի ազատվեցին»,- եզրափակեց Զոհրանյանը։
Հիշեցնենք, որ ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։
Մարիաննա Արամյան