Փաշինյանը Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ ուղերձ հղեց Ալիևին

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ Սարդարապատում ուղերձով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որն իրականում ուղղված էր Ալիևին, քանի որ այդ ուղերձը որևէ կապ չուներ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ առհասարակ հայ ժողովրդի հետ։
Խոսքի սկզբին սևացնելով ու նվազեցնելով Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի դերն ու նշանակությունը՝ Փաշինյանի մնացյալ ողջ ելույթը պատասխան էր Ալիևի այն հայտարարություններին, համաձայն որոնց, Հայաստանում կա ռևանշիստական տրամադրություններ ու տարածքային պահանջներ Ադրբեջանի ու առհասարակ հարևան երկրների նկատմամբ։
Սովորաբար նմանատիպ տոնական օրերին երկրների ղեկավարներն իրենց ժողովրդին հաղթանակների նոր լիցք են հաղորդում, մարտական ոգի են ներշնչում, ոգևորում են նրանց ազգային երազանքները, բարձրացնում ազգային արժանապատվությունը…իսկ Փաշինյանը Սարդարապատում հայտարարեց, որ հայ ժողովուրդն այլևս երազանք չունի, քանի որ վերջապես հասել է նրան, ինչին ձգտում էր՝ ստանալով 29743 քառակուսի կիլոմետր տարածք։ Երբ որևէ հասարակության, ժողովրդի, ազգի երազանքները համարում են ավարտված, կամա թե ակամա փակվում է այդ ազգի էջը, քանի որ երազանքներից զուրկ հասարակությունը չունի որևէ հեռանկար։ Նիկոլ Փաշինյանը սկզբից հակադրության մեջ դրեց «պատմական» ու «իրական» Հայաստանները։ Անցյալը փորձեց դուրս մղել մեր կյանքից, այժմ փորձում է մեզնից օտարել նաև մեր ապագան։
Փաշինյանը Ալիևին ձգտում է համոզել, որ հայերի միակ երազանքն էր ունենալ այն տարածքը, որի քառակուսի մետրերը տեղին անտեղին շեշտում է ինքը, դրանով հասկացնելով, որ մեր կյանքում չկա ու էլ երբեք չի լինելու Արցախ։ Ալիևին ուզում է համոզել, որ հայերը այլևս չունեն ոչ մի ազգային երազանք, ոչ մի իղձ ու ձգտում, չկան ազգային արժեքներ, չկա պատմական հիշողություն, հետևաբար չկա նաև ռևանշիստական տրամադրություն ու որևէ պահանջ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։
Այլ խոսքով, Փաշինյանը Ալիևի աչքին հայ ազգին փորձում է ներկայացնել այնպիսի խղճուկ ու ողորմելի կերպարում, ինչիպիսին ինքն է։
Իսկ ելույթի մնացյալ հատվածը հիշեցնում է Խորհրդային ժամանակների մի հին անկեկդոտ։
Միլիցիայի դպրոցի ընդունելության քննության ժամանակ դիմորդներից մեկին հարցնում են՝ ինչի՞ է հավասար մեկին գումարած մեկը, պատասխանում է՝ երեքի։ Կրկնում են հարցը ու նորից հնչում է նույն պատասխանը ու այդպես մի քանի անգամ։ Հանձնաժողովի նախագահը որոշում է ընդունել ու այն պնդմանը, որ ախր դիմորդը բութ է, պատասխանում է. «Բութ է, բայց համառ է»։
Եվ ահա նույն անեկդոտի տրամաբանությամբ ու նույն համառությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկացած առիթի դեպքում, լինի հաղթանակի օր, գինու փառատոն, հոգեհանգիստ, թե խոզ խանձոցի, անպայման խոսում է «իրական Հայաստանից» ու ավարտում «այստեղ հաց, այստեղ կաց» անասնական ձևակերպմամբ։
Կարեն Կարապետյան