Իրավապահ համակարգում վրդովված են, ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ Մամուլը՝ սուրճով

Իրավապահ համակարգում վրդովված են, ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․  

Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի:

Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից:

Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են՝ Փաշինյանը առանձահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած երկու տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիքնազ Տիգրանյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջեւ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մբա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ: Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբբիստական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում եւ նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա։ 

Հնարավոր է՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել «հերոսության» մասին՝ հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՀՀ ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրայինի եթերում հայտարարել է. «Դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերեւույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետեւողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերեւույթ հանցանք կատարած անձին»։

Ստացվում է՝ Պողոսյանի միտքը սա է. «Քաղաքացու տանից գողություն են անում, ու ինքը գնում, հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է՝ հաղորդում տվող քաղաքացին բացահայտե՞ց դեպքը ու գտա՞վ գողերին»։

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 21-ին տեղի ունեցած «դարի հանցանքի» մասին է, երբ 590 հազար դոլար էին գողացել Արթուր Պողոսյանի ղեկավարած քննչականի շենքի չհրկիզվող պահարանից։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համայնքում այս հայտարարությունը, մեղմ ասած, վրդովմունք է առաջացրել։ Բանն այն է, որ ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է Կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն Կոմիտեի, ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ՆԳՆ ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ և հասել հանցագործին։

Իսկ ահա Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել՝ որ նման դեպք է արձանագրվել ու գումար է հափշտակվել եւ, առանց կարմրելու, փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել «դարի հանցագործությունը»։

Իրավապահ համակարգում այս քայլը դիտարկվում է ոչ միայն անբարեխիղճ, այլև պոտենցիալ վնասակար, այն ժամանակ, երբ համակարգում վստահության վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի: Բայց եթե ամեն մեկը գա ու սեփականացնի մյուսի կատարած աշխատանքը, այդ դեպքում ո՞ւր մնաց մասնագիտական էթիկան ու պետական շահը։

Միգուցե Արթուր Պողոսյանը չգիտի, բայց արժանապատիվ լռությունը երբեմն առավել ուժեղ է, քան հրապարակային ինքնագովազդը»։

 

«Հրապարակը» գրում է. 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրեւ դայակ է աշխատում։

Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տեւած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ, բայց նույն արագությամբ էլ ետ է վերադարձել լրագրողների մոտ՝ պարծենալով, որ քսան րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ընդմիջումից հետո ընդամենը մեկ -երկու պատգամավոր է եղել դահլիճում։

ԱԺ նախագահը քթի տակ դժգոհել է, որ թող ներկայանային, ինքն էլ ընդմիջում չհայտարարեր, այդպիսով՝ իբր պատիժ է կիրառել պատգամավորների նկատմամբ, սակայն եթե անգամ մեկ պատգամավոր ներկա է դահլիճում, նիստը վարողը պարտավոր է իրականացնել իր գործառույթը, մանավանդ որ, պատգամավորները շտապում էին դահլիճ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց՝ հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ԱԺ-ն թաքցնում է, համրիչը գնվել է 2 մլն 200 հազար ՀՀ դրամով, պետական բյուջեի միջոցներից: Ո՞ւմ համար, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով․ պատգամավորի հարցերը մնացին անպատասխան: Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձեց հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացավ թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի: Մինչդեռ մենք նրանից հաշվետվություն էինք պահանջում հրապարակավ՝ պարզաբանելու, թե «հպարտ հարկատուների» միջոցներից ում համար է գնել ոսկե համրիչը, ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել այդ գնումը: «Կասեմ, բայց ոչ տեսախցիկի առջև»․ մինչդեռ մենք թաքուն ոչինչ չէինք ուզում լսել ԱԺ նախագահից:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ եկել էր կոռուպցիան, թալանը, ստվերը վերացնելու, իրենք են թաթախվել այդ ամենում, և ԱԺ նախագահը հրաժարվում է հրապարակավ պարզաբանել, թե կոնկրետ ում համար և ինչ անհրաժեշտությամբ է ձեռք բերվել ոսկե համրիչը։