Լավրովին ուղիղ ասվել է՝ Կապանում հյուպատոսություն չի բացվելու․ ՌԴ ԱԳ նախարարի այցի «հակառուսական» երանգները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ավելի շատ Ռուսաստանի դեմ էր, որքան հայ-ռուսական՝ օրեցօր խարխլվող հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլ։ Հայաստանի հակառուսական իշխանությունները իրենց ձևական հայտարարությունների քողի տակ, իրականում, հերթական դեմարշը ցուցադրեցին Ռուսաստանի դեմ։
Լավրովի հետ հարցուպատասխանն ու լավրովյան մյուս հանդիպումները բացահայտ արտահայտում էին Լավրովի ու ռուսական կողմի դժգոհությունը հայկական «դիվանագիտության» նկատմամբ, և ՌԴ ԱԳ նախարարը, իրականում, իր մտքերն ու դժգոհություններն արտահայտում էր շատ ավելի ուղիղ տեքստով՝ զերծ դիվանագիտական ձևականություններից։ Առհասարակ, Միրզոյան-Լավրով հանդիպմանն ակնհայտ էր երկու երկրների միջև առկա լարվածությունն ու անձամբ երկու երկրների ԱԳ նախարարների միջև անձնական ոչ ջերմ հարաբերությունները։ Նրան ընդունելուց, ԱԳՆ-ի դիմաց «եվրոթալիբանների» ակցիաներից մինչև կնճռոտ հարցերով ասուլիս՝ ամեն ինչ խոսում էր ռազմաբավարական դաշնակցի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքի մասին։
Բայց սա ամենը չէ։ Լավրովի այցը Հայաստան պետք է նշանավորվեր Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելով, բայց, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովին ուղիղ տեքստով ասել է, որ Կապանում ՌԴ-ն հյուպատոսություն չի ունենալու։ Փոխարենը Լավրովի այցից մի քանի օր անց հայտարարվեց, որ Ֆրանսիան Սյունիքում (Գորիսում) կբացի հյուպատոսական գործակալություն։ Սա հերթական ապտակն է ՌԴ իշխանություններին՝ մեր բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի թշնամի համարվող Ֆրանսիայի ձեռքով, ինչը ևս շատ բացասաբար է ընդունվել ՌԴ իշխանությունների կողմից։
Այս հակառուսական շղթայի մի մասն է կազմում նաև այն, որ Սերգեյ Լավրովը չայցելեց Ծիծեռնակաբերդ, ինչը, պարզվեց, հայկական կողմի խնդրանքով է եղել, ոչ թե Ռուսաստանի ԱԳՆ-ի ցանկությամբ։ Իրենք, հակառակը, ցանկություն հայտնել են այցելել և ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված ժամանակացույցը դրա վառ ապացույցն է: Փոխարենը, օրեր անց Ծիծեռնակաբերդ այցելեց Ֆրանսիայի՝ Հայաստան ժամանած արտգործնախարարը։ Սա, վստահաբար, արվել է դարձյալ դիտավորյալ, որ ցույց տան, թե իբր ռուսները չցանկացան այցելել Ծիծեռնակաբերդ, իսկ մեր իսկական բարեկամ ֆրանսիացիները, հակառակը, այցելեցին։ Մինչդեռ, սա ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված էժանագին ու փնթի դավադրություն է եղել ընդամենը, որ հերթական անգամ հակառուսական տրամադրություններ գեներացնեն հանրության շրջանում։
Վահե Մակարյան